Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինին, Հայաստանում ծրագրի ավագ ղեկավար Վարսենիկ Մնացականյանին և հաղորդակցության փորձագետ Սմբատ Ղահրամանյանին:
Համայնքի ղեկավարի տեղակալը ողջունել է այցը՝ կարևորելով կազմակերպության ունեցած երկարամյա հարուստ փորձը ապակենտրոնացման և ՏԻՄ բարեփոխումների ոլորտում: Վերջինս շնորհակալություն է հայտնել համայնքի նկատմամբ ուշադրության համար և հայտնել իր պատրաստակամությունն աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԴեաԼոԳ» ծրագրի ոլորտային բաղադրիչի՝ հանրակրթության ապակենտրոնացման խնդիրներն ու ներկայիս վիճակը, մասնավորապես դպրոց-համայնք համագործակցության շրջանակներում Գորիս համայնքին և դպրոցներին ներգրավվելու հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև համայնքի համար առաջնահերթություն հանդիսացող խնդիրներին։
«ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինը հետաքրքրվել է համայնքային խնդիրներով, համայնքի տարբեր ոլորտներում ունեցած հաջողության պատմություններով, բնակչության ձայնը տեղական իշխանություններին լսելի դարձնելու գործիքակազմերով, համայնքի կողմից մատուցվող սոցիալական ծառայություններով և ապակենտրոնացման բարեփոխումների վերաբերյալ համայնքային իշխանությունների պատկերացումներով։ Երկուստեք կարևորվել է գործընթացը համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման և կատարելագործման իմաստով:
Ծրագրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել Գորիս համայնքին տրամադրել կրթության ոլորտի շվեդական փորձի վրա հիմնված մեթոդաբանական գործիքներ և բովանդակային աջակցություն՝ հայտնելով, որ համայնքի ցանկությամբ Սթոքհոլմի շվեդ մանագետները կայցելեն Հայաստան և կուսուցանեն հայ գործընկերներին: Շեյն Քուինը, կրթության ապակենտրոնացման համատեքստում, ընդգծել է համայնքների անկախությունն ու ինքնավարությունը, այդ թվում՝ ֆինանսական ոլորտում քաղաքական որոշումների ընդունման շրջանակներում:
Ըստ Իրինա Յոլյանի՝ համայնքը չունի անհրաժեշտ իրավական մեխանիզմներ դպրոցների վրա ազդելու կամ դրանց գործունեությունը վերահսկելու համար, ինչը խնդրահարույց է, եթե արձանագրենք, որ դպրոցները գործում են համայնքի վարչական սահմաններում, բայց որևէ կերպ չեն մասնակցում համայնքային կյանքին և համայնքի ապագային վերաբերող գործընթացներին, մինչդեռ համայնքի ղեկավարը փաստացի պատասխանատու է դպրոցներում տեղի ունեցող տարաբնույթ միջադեպերի և երևութների կանխարգելման համար։
Հանդիպման ավարտին Հայաստանում ծրագրի ավագ ղեկավար Վարսենիկ Մնացականյանը համայնքի ղեկավարի տեղակալին հրավիրել է փետրվարին կայանալիք մունիցիպալ ֆորումին՝ տեղեկացնելով, որ համայնքային երկրորդ ֆորումը նվիրված է լինելու կրթության ոլորտի ապակենտրոնացման հիմնահարցին:
«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (DeaLoG) ծրագիրը ֆինանսավորում է Շվեդիայի կառավարությունը և նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը ապակենտրոնացման առաջմղման և ՏԻՄ բարեփոխումների իրականացման մեջ՝ տրամադրելով խորհրդատվական, վերլուծական և կարողությունների զարգացման աջակցություն: