Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինին, Հայաստանում ծրագրի ավագ ղեկավար Վարսենիկ Մնացականյանին և հաղորդակցության փորձագետ Սմբատ Ղահրամանյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև համայնքի աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանը:
Քննարկվել են «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (DeaLoG) ծրագրի ընթացքը, մասնավորապես կրթության ապակենտրոնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այդ գործընթացում Տաթև համայնքի մասնակցությանը վերաբերող հարցերը։
Համայնքի ղեկավարի կողմից բարձրացվել են կրթության ոլորտին վերաբերելի խնդիրներ, որոնց մի մասը պետության կողմից լուծման ընթացք են ստացել, մյուս մասը՝ դեռևս չունեն համապատասխան լուծումներ։ Ըստ Սամվել Լալայանի՝ կրթության ապակենտրոնացման գործընթացը պետք է հանգեցնի նրան, որ դպրոցների կառավարմամբ զբաղվեն համայնքները, իսկ դրա և այլ գործընթացների կազմակերպման համար կառավարությունը հատկացնի ֆինանսական միջոցներ:
«ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ջատագովել Տաթև համայնքի ակտիվ մասնակցությունը դպրոց-համայնք համագործակցության մոդելի աշխատանքներում՝ ընդգծելով, որ ապագայում շվեդական կազմակերպությունը պատրաստ է քննարկել այլ ուղղություններով և մեխանիզմներով համայնքին աջակցելու հնարավորությունը: Ծրագրի ղեկավարը համայնքի ղեկավարությանն է ներկայացրել շվեդական համայնքների փորձը կրթության բնագավառում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի կրթությունն էլ ապագայում կլինի մրցունակ, որակյալ և զերծ քաղաքականությունից։
Համայնքի աշխատակազմի քարտուղարի պնդմամբ՝ դպրոցները չունեն բավարար կարողություններ և շահագրռվածություն ծրագրում աշխատանքները շարունակելու ուղղությամբ։ Մարի Թևոսյանը խնդիրը կապում է պետության քաղաքականության, այս դեպքում՝ տարածքային կառավարման մարմինների ունեցած հնարավոր ազդեցություններին կամ վարչարարական խնդիրներին:
Հանդիպման ավարտին Հայաստանում ծրագրի ավագ ղեկավար Վարսենիկ Մնացականյանը համայնքի ղեկավարին հրավիրել է փետրվարին կայանալիք մունիցիպալ ֆորումին՝ տեղեկացնելով, որ համայնքային երկրորդ ֆորումը նվիրված է լինելու կրթության ոլորտի ապակենտրոնացման հիմնահարցին:
«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (DeaLoG) ծրագիրը ֆինանսավորում է Շվեդիայի կառավարությունը և նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը ապակենտրոնացման առաջմղման և ՏԻՄ բարեփոխումների իրականացման մեջ՝ տրամադրելով խորհրդատվական, վերլուծական և կարողությունների զարգացման աջակցություն: