• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
Համայնքային Ֆորում 2025

Համայնքային Ֆորում 2025

2025 թվականի փետրվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ երկրորդ ամենամյա Համայնքային ֆորումը, որին ներկա էին ավելի քան 80 մասնակիցներ, այդ թվում՝ ներկայացուցիչներ տեղական ինքնակառավարման մարմիններից, բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարություններից, Հայաստանում Շվեդիայի դեսպանությունից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, հայաստանյան փորձագիտական համայնքից, ինչպես նաև ներկայացուցիչներ և փորձագետներ Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայից (ՍԱԼԱՐ) և ՍԱԼԱՐ Ինթերնեշնլից: 

Ամենամյա Համայնքային ֆորումը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՍԱԼԱՐ Ինթերնեշենլ-ի և ֆինանսավորվում Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Սիդա) կողմից: 
 
Ֆորումը եզակի հարթակ է, որը խթանում է հորիզոնական և ուղղահայաց երկխոսությունը կենտրոնական և տեղական իշխանությունների միջև՝ ստեղծելով բաց և անկաշկանդ քննարկման հնարավորություն ընթացիկ բարեփոխումների օրակարգի շուրջ: Այն հնարավորություն է տալիս քննարկել ապակենտրոնացման գործընթացներում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները և ծանոթանալ միջազգային լավագույն փորձին։ 

Այս տարի Համայնքային ֆորումի թեման էր կրթության ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարման մարմինների դերը կրթական բարեփոխումների ձևավորման և իրականացման գործում: Ապակենտրոնացումը, որպես Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների կարևոր բաղադրիչ, ներառվել է կառավարության հնգամյա ծրագրի առաջնահերթությունների թվում։ Լիազորությունների փոխանցումը կենտրոնական իշխանություններից դեպի տեղական իշխանություններ, հատկապես դպրոցի կառավարման հարցերում առանցքային դեր է խաղում տեղական ինքնակառավարման ամրապնդման և կրթության ընդհանուր որակի բարելավման գործում: 

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ պարոն Վարդան Կոստանյանն ընդգծեց ապակենտրոնացման ռազմավարական դերը Հայաստանի ժողովրդավարության զարգացման օրակարգում: 

«Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ներկա առաջնահերթությունները և մարտահրավերները սերտորեն զուգորդվում են Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության օրակարգի հետ։ Ապակենտրոնացումն այն մոտեցումներից մեկն է, որը միտված է տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացմանը և հետևաբար ժողովրդավարության ամրապնդմանը»: 

Միաժամանակ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ տիկին Արաքսիա Սվաջյանը կարևորեց տեղերում համայնքների ներգրավումը դպրոցների կառավարման գործընթացներին. 

«Տարբեր համայնքներում ուսումնական հաստատությունների դերի ուժեղացմանը և համայնքի կողմից ուսումնական հաստատության ռեսուրսի օգտագործմանը միտված ծրագրերն ու փորձը կարևոր են՝ ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում ինստիտուցիոնալ մակարդակով համայնքներին ակտիվորեն ընդգրկելու առումով»: 

Ֆորումի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ ապակենտրոնացված կրթության կառավարման շվեդական փորձին, որը ներկայացվեց ՍԱԼԱՐ-ի փորձագետներ պարոն Դանիել Բերի, պարոն Ստեֆան Մալենի և պարոն Մագնուս Լիլյեստրոմի կողմից: Քանի որ կառավարման հաշվետվողականության և թափանցիկության հարցերը նույնպես շատ կարևոր են որոշումներ կայացնելու համար, ՍԱԼԱՐ-ի գործընկերները ներկայացրեցին նաև ՍԹԻՐՍԱՄ գործիքակազմը, որը նախատեսված է բարելավելու կրթության որակը տեղական կառավարման բարելավման միջոցով: 

Ֆորումի կարևոր մաս էր նաև պանելային քննարկումը, որը բացվեց ԴեաԼոԳ ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերով խորհրդատու պարոն Գարիկ Խաչիկյանի կարճ ներկայացմամբ՝ դպրոց-համայնք համագործակցության թեմայով: Քննարկման մասնակից համայնքների և նախարարությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան կիսվել իրենց համայնքների հաջողված փորձով, քննարկել կրթության ապակենտրոնացման հետ կապված մարտահրավերներն ու լուծումները և ծանոթանալ նախարարությունների մոտեցումներին: 

 

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են