Մայիսի 22-ին ԴեաԼոԳ ծրագրի թիմը այցելեց Ախուրյան համայնքապետարան։
Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ հանդիպման ընթացքում ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու հիմնական ուղղությունները։Տեղական ինքնակառավարման հարցերով խորհրդատու Գարիկ Խաչիկյանը ներկայացրեց դպրոց-համայնք համագործակցության ձևաչափը, ինչպես նաև կրթության ապակենտրոնացման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՏԻՄ-երի անկախությանն ու ինքնուրույնությանը վերաբերող հիմնարար հարցեր։ Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հանդես է եկել հստակ դիրքորոշմամբ՝ ընդգծելով իր հավատարմությունը տեղական ինքնակառավարման գաղափարախոսությանը և փիլիսոփայությանը։
Քննարկման կարևոր մաս է կազմել նաև համայնքի կարողությունների գնահատումը և ապակենտրոնացման հայեցակարգով սահմանված չորս հիմնական ուղղություններին անդրադարձը:
Ախուրյան համայնք այցի երկրորդ հատվածում ԴեաԼոԳ ծրագրի թիմը այցելեց Կապսի նորակառույց դպրոց, որը վերջերս է միացել ԴեաԼոԳ ծրագրի կողմից իրականացվող դպրոց-համայնք համագործակցության ձևաչափին։Համայնքի ղեկավարի, աշխատակազմի ներկայացուցիչների և դպրոցի տնօրինության մասնակցությամբ անցկացվեցին աշխատանքային քննարկումներ և մեթոդական վարժություններ՝ նվիրված դպրոց-համայնք համագործակցության ամրապնդմանը։
Քննարկումները հիմք դրեցին շարունակական և կառուցողական գործընկերության ձևավորմանը։