Հունիսի 13-14-ին ԴեաԼոԳ ծրագրի թիմը երկօրյա աշխատանքային այցով ուղևորվեց Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր՝ հանդիպումներ ունենալով Գորիս և Եղեգիս համայնքների ներկայացուցիչների հետ։
ԴեաԼոԳ ծրագրի թիմը շարունակում է ակտիվ համագործակցությունը Հայաստանի տարբեր մարզերի համայնքների հետ։ Այս համագործակցության առանցքում են «Դպրոց-համայնք» նախաձեռնության մասնակից համայքները։ Այցերի ընթացքում քննարկվում են դպրոցների և համայնքների միջև առկա համագործակցության փորձը, դրա զարգացման հնարավոր ուղիները, ինչպես նաև կրթության ապակենտրոնացման գործընթացում նման համագործակցության նշանակությունը։
Առաջին կանգառը՝ Գորիս
Գորիսում թիմը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարի տեղակալ տիկին Յոլյանի, ինչպես նաև «Դպրոց-համայնք» համագործակցությանը միացած երկու դպրոցների տնօրենների՝ տիկին Ալեքսանյանի և պարոն Ավանեսյանի հետ։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ կրթության ապակենտրոնացման ընթացիկ խնդիրներին, վեր հանվեցին մարտահրավերներն ու հնարավորությունները։ Մասնավորապես շեշտվեց, թե ինչպես կարող է ապակենտրոնացումը նպաստել համայնքների և դպրոցների կայուն զարգացմանը, արդյունավետ համագործակցությանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Հանդիպման երկրորդ հատվածում ներկայացվեց հատուկ մշակված նկարագրական հարցաշարը, որի նպատակն է վերհանել համայնքի և դպրոցի միջև համագործակցության խորությունը և նախանշել այն գործնական քայլերը, որոնք կարող են խթանել այս համագործակցության զարգացումը։
Երկրորդ կանգառը՝ Եղեգիս
Այցի երկրորդ օրը թիմը գործուղվեց Եղեգիս։ Այստեղ գործնական քննարկումներ անցկացվեցին համայնքի և դպրոցի ներկայացուցիչների հետ՝ կրթության ապակենտրոնացման օրակարգի առաջմղման նպատակով։ Քննարկվեցին համայնք-դպրոց համագործակցության հնարավոր ձևերն ու ուղղությունները, նախանշվեցին հետագա քայլերը։
Երկուստեք օգտակար և արդյունավետ քննարկումը շարունակվեց անկաշկանդ մթնոլորտում՝ Եղեգիս համայնքի վարչական ղեկավարի տանը։ Այստեղ դպրոցի տնօրենին և վարչական ղեկավարին ներկայացվեցին ապակենտրոնացման համատեքստում իրականացվող գործառութային վերլուծության մանրամասներն ու ծրագրի ակնկալիքները։