articles/WhatsApp_Image_2026-09-07_at_14.56.16.jpg
Օգոստոսի 18-ից 24-ը ԴեաԼոԳ ծրագիրը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ չորս տարածաշրջանային (փնջային) աշխատաժողով անցկացրեց ֆիսկալ ապակենտրոնացման շուրջ՝ Աղվերանում, Դիլիջանում, Ապարանում և Գորիսում։ Երկխոսության սեղանի շուրջ համախմբվեցին համայնքների ղեկավարներն ու ֆինանսների համար պատասխանատու պաշտոնյաները, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչները՝ քննարկելու բարեփոխման ընթացքն ու համայնքների առջև ծառացած խնդիրները։
Ֆիսկալ ապակենտրոնացումը ԴեաԼոԳ ծրագրի աշխատանքի առանցքային ուղղություններից է։ Ծրագիրը մշակել է Հայաստանում ֆիսկալ ապակենտրոնացման առկա իրավիճակի և բացերի մանրամասն վերլուծություն՝ ուսումնասիրելով տեղական հարկերը, միջբյուջետային տրանսֆերտները, տեղական մակարդակում հանրային ֆինանսների կառավարումը և համայնքներին վերապահվող գործառույթներն ու լիազորությունները։ Աշխատաժողովների շարքը նպատակ ուներ այդ վերլուծությունը ոչ թե ներկայացնել որպես ավարտուն փաստաթուղթ, այլ քննարկման, հավաստման և համալրման դնել այն շահագրգիռ կողմերի հետ, որոնց այն անմիջականորեն վերաբերում է։
Աշխատաժողովներից յուրաքանչյուրին մասնակցեցին Ֆինանսների նախարարության և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրենը։ Ֆիսկալ ապակենտրոնացման վերլուծությունը հեռավար կարգով ներկայացրին ՆԱԼԱՍ-ի՝ Հարավ-Արևելյան Եվրոպայի տեղական իշխանությունների ասոցիացիաների ցանցի փորձագետներ Էլտոն Ստաֆան և Քելմենդ Զայազին։ Նրանց ելույթներից ուրվագծվեց մի պատկեր, որը կրկնվեց քննարկումների ընթացքում. Հայաստանը զրոյից չի սկսում՝ վարչատարածքային բարեփոխումը հաջողվել է, սակայն ֆիսկալ բարեփոխումը դեռ ընթացքի մեջ է, և համայնքներն ավելի կարողունակ դառնալու համար ֆինանսական աջակցության կարիք ունեն։
Չորս աշխատաժողովներին միասին մասնակցեցին ավելի քան 60 համայնքների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր հանդիպում կառուցված էր ոչ միայն որպես գիտելիքի փոխանցման տրամաբանությամբ, այլև որպես երկխոսության հարթակ։ Աշխատանքային խմբերում՝ նվիրված տեղական հարկերին, տրանսֆերտներին, հանրային ֆինանսների կառավարմանը և գործառույթների բաշխմանը, համայնքների ներկայացուցիչները վերլուծությունը համադրեցին իրենց առօրյա փորձի հետ՝ նշելով համաձայնության ու անհամաձայնության կետերը և ձևակերպելով կոնկրետ առաջարկներ։ Այս ձևաչափը համայնքներին ու նախարարություններին հնարավորություն տվեց ոչ թե զուգահեռ, այլ միմյանց հետ խոսելու՝ նույն սեղանի շուրջ։
Չորս տարածաշրջանային փնջերից հավաքված արձագանքները միավորվելու են մեկ ընդհանուր փաստաթղթում, որը հիմք է դառնալու ֆիսկալ ապակենտրոնացման ճանապարհային քարտեզի համար։ Աշխատանքը շարունակվում է, և համայնքների ձայնը դառնում է բարեփոխումների օրակարգի ձևակերպման կարևորագույն բաղադրիչ: